Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 11 » Լեոնարդո Դա Վինչի
9:34 PM
Լեոնարդո Դա Վինչի
Լեոնարդո դա Վինչին 1466 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆլորենցիա, որտեղ 1469–78 թթ-ին աշակերտել է ժամանակի հայտնի նկարիչ Անդրեա դել Վեռոքիոյին: Սովորել է ոսկերչություն, քանդակագործություն և նկարչություն: Նա քանդակել է մի քանի «ժպտացող կանանց գլուխներ», ապա, թողնելով քանդակագործությունը, անցել է նկարչության: Նրա վաղ շրջանի ամենահայտնի գործերից են հրեշտակի գլուխը՝ Վեռոքիոյի «Մկրտություն» նկարում, «Ավետումը» (մոտ 1474 թ.), «Ծաղկով Տիրամայրը» (1478 թ.), որտեղ նկարիչը կերպարները պատկերել է քանդակային, լուսաողող, սահուն, կորակազմ մակերեսներով: 10 տարի անց Դա Վինչին նույն թեմայով ստեղծել է «Աստվածամայր Լիտան» (1478–82 թթ.) կտավը, որն ավելի կատարյալ ու խորհրդավոր է: 
Վեռոքիոյի արվեստանոցում սովորելու տարիներին զբաղվել է նաև գիտությամբ՝ անատոմիայով, ֆիզիկայով, մաթեմատիկայով: Միլան տեղափոխվելուց հետո Դա Վինչին 1482 թ-ից, որպես ճարտարապետ, հիդրավլիկայի, պաշտպանական շինությունների և մեքենաների մասնագետ, ծառայել է Միլանի դուքս Լոդովիկո Մորոյին: Այդ շրջանում է ծաղկել Դա Վինչի-գեղանկարչի ստեղծագործությունը. պահպանվել են պալատական կանանց մի քանի ուշագրավ դիմանկարներ՝ «Բեատրիչե դÿԷստե», «Կզաքիսով տիկինը», «Ազնվազարմ տիկնոջ դիմանկարը» և այլն:
1495–97 թթ-ին Դա Վինչին Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիե վանքի սեղանատանը կերտել է հռչակավոր «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը, որն իր դրամատիզմով, կերպարների հոգեբանական խորությամբ, հորինվածքի կառուցման մաթեմատիկական ճշգրտությամբ համաշխարհային արվեստի գլուխգործոցներից է: 
1503 թ-ին նա ստեղծել է իր ամենանշանավոր գործերից մեկը՝ «Մոնա Լիզան»  («Ջոկոնդա»): Երիտասարդ կնոջ  երազկոտ, խոհուն, առեղծվածային, փոքր-ինչ թախծոտ թեթևակի ժպիտը բացահայտում է բնորդուհու ներաշխարհը: Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ. հեռավոր սարերը, երկինքը, գետը, ծառերն ասես տարածված են մշուշում: Նկարչի համար բնությունն ու մարդն անբաժանելի են: Դրա վկայությունն է նաև «Աստվածամայրը քարանձավում» (1483–94 թթ.) կտավը, որի կերպարները նույնպես բնապատկերի մեջ են և ստեղծում են յուրահատուկ հուզական միջավայր: 
Դա Վինչիի ուշ շրջանի լավագույն գործերից են՝ «Սուրբ Աննան Մարիամի և մանուկ Քրիստոսի հետ» (մոտ 1500–07 թթ.), «Հովհաննես Մկրտիչ» (մոտ 1513–17 թթ.), «Ջրհեղեղ» գծանկարաշարը (մոտ 1514–16 թթ.) և այլն: 
Նկարիչը, չհանդուրժելով անարդարությունը, գժտություններն ու անմիաբանությունը, իր ողջ կյանքում ստիպված էր թափառել. աշխատել է Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում, Վենետիկում, իսկ 1517 թ-ին Ֆրանսուա Ա թագավորի հրավերով, որպես «թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ և մեքենաշինարար», տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը: Նախագծել է Տուր–Բլուա–Սաոն ոռոգման ջրանցքը և ճարտարապետական գլուխգործոց Շամբորի դղյակը: 
Դա Վինչին թողել է 7 հզ. ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել: Որպես գիտնական և ճարտարագետ՝ խորաթափանց դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները: Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր: Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը: Սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով Դա Վինչին չի կարողացել իրականացնել իր նորարարական մտահղացումները:
Կատեգորիա: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ | Դիտումներ: 371 | Ավելացրեց: atletico | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Շաբաթվա նյութը

Արգենտինայի մասին հետաքրքիր փաստեր:

Օրվա նկարը
Տեսանյութ
Մենք faceboook-ում
Գովազդ
Եղանակը Աջարիայում
Մեր հարցումը
Ինչպիսին են կայքի նյութերը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 15
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

 Գովազդի համար զանգահարեք 095717484: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: